jkjhkjhkj

12-09-2023 13:19 138

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը ֆունդամենտալ խնդիր է և այն պետք է լուծել, որպեսզի խաղաղ գործընթացում նշանակալի արդյունքներ լինեն։ Կարող եմ վստահ հայտարարել, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի վարչապետն արել է հնարավոր և, կարող է թվալ, անհնար բոլոր քայլերը խաղաղ բանակցություններում վստահության ամրապնդման համար, որի նպատակն է հասնել երկարաժամկետ խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Դեսպանը գրել է, թե այդ քայլերին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է իր բանտերում պահել ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց, առևանգել նոր պատանդների Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից, չի հանում իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով նրա վրա, սպանում և վիրավորում է ավելի շատ մարդկանց, արգելափակում է հաղորդակցությունները, տորպեդահարում է պետական սահմանների դելիմիտացիայի գործընթացը, շրջափակել ու սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, մերժում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները միջազգային մեխանիզմի ներքո։

«Այս ամենը խափանել է ու շարունակում է վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև դրանում ներգրավված բոլոր միջնորդների ջանքերին։ Հիմա, այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը զորքեր է կուտակել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սուվերեն տարածքի երկայնքով և իր պետական քարոզչությունը կենտրոնացրել է պատերազմական խոսույթի վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, թե խաղաղ գործընթացը հասկանալի կետի վերադարձնելու համար միջազգային հանրությունը և միջնորդները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանն ադեկվատ քայլեր ձեռնարկի՝ ի պատասխան վստահությունն ամրապնդելուն ուղղված Հայաստանի քայլերի։

«Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, միջազգային մեխանիզմի ներքո բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դուրս հանի իր զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, ազատի ադրբեջանական բանտերում պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, սկսի դելիմիտացիայի գործընթացը 1975 թվականի քարտեզի հիման վրա, ապաշրջափակի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները կողմերի սուվերենության և ազգային օրենսդրությունների հիման վրա»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր