Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա:
«Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
«Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք բարձաձայնել: Ընդամենը 1 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նախարարը:
Միրզոյանն ակնհայտ համարեց, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից:
«Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա՝ 1991թ Ալմաթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա»,-ասաց Միրզոյանը:
Նա շեշտեց՝ պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել Գրանդայում հոկտեմբերի 5-ին ընդունված քառակողմ հայտարարության մեջ: Հայաստանը ակնկալում է նաև միջազգային մյուս գործընկերների գործնական աջակցությունը դրան:
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը, նաև ԼՂ-ում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով