jkjhkjhkj

06-11-2023 16:56 63

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։
«ԿԸՀ-ն արձանագրում է, որԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - նիստի ընթացքում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարներ, պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ նոյեմբերի 6–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մանդատ շնորհի Լևոն Քոչարյանին, որից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի կալանավայրից, ներկայանա ԱԺ հաջորդ նիստին ու տա պատգամավորական երդում։
Համապատասխան որոշում ընդունելուց հետո ԿԸՀ–ն պարտավոր է տրամադրել արձանագրություն, որի հիման վրա իրավասու մարմինը` ՔԿՀ–ն պարտավոր է միանգամից ազատ արձակել Քոչարյանին։
Արծվիկ Մինասյանի խոսքով` շատ հնարավոր է, որ ՔԿՀ–ից ասեն, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականն է պետք, որպեսզի կարողանան դա անել։ Այդ պատճառով էլ նախատեսվում է, որ ԿԸՀ արձանագրությունը ստանալուց հետո Քոչարյանի` իրավասու փաստաբանական թիմը կդիմի նաև դատախազությանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր