15-03-2019 17:09 5761

 

Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի բնակիչները այսուհետ կունենան 24-ժամյա խմելու ջուր: Ջրագիծը ներդրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի (HSBC) կողմից համատեղ ծրագրի իրականացման արդյունքում` HSBC բանկի ֆինանսավորմամբ։ Մարտի 16-ին, ժամը 11։00-ին Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում տեղի կունենա «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակում ներդրված նորակառույց ջրագծի բացման արարողությունը։

Նշենք, որ 60 տնտեսություն ունեցող Տիգրանաշեն սահմանամերձ համայնքը չուներ ամբողջական ջրագիծ և շուրջօրյա ջրամատակարարում։ Համայնքին կից կար ջրի պահպանման համար ռեզերվուար, որը ջրի որակի փորձաքննության արդյունքում, ճանաչվեց ոչ պիտանի խմելու ջրի պահպանման համար։ Այսուհետ համայնքը կունենա նոր ջրամբար և ջրամատակարարման ցանց։

Բանկից տեղեկացնում են, որ ծրագրի իրականացման նախապայման էր հանդիսանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) աշխատակիցների կամավորական հիմունքներով մասնակցությունը։ Կամավորները բազմիցս այցելել են Տիգրանաշեն համայնք, հանդիպել տեղի բնակիչներին՝ տեղեկանալով վերջիններիս խնդիրների մասին և գնահատելով ջրագծի շինարարական աշխատանքների առաջընթացը։ Բացի այդ, կամավորները վարել են ջրի պահպանման, խնայողության և գիտակից օգտագործման թեմաներով դասընթացներ Տիգրանաշեն, Պ․Սևակ և Գառնի համայնքների դպրոցականների համար։

Բացման արարողությանը կհաջորդի HSBC Հայաստանի կամավորական ծրագրի շրջանակներում իրականացվող ջրի թեմային նվիրված լուսանկարչական մրցույթ։ Մասնակիցները կքվեարկեն լավագույն լուսանկարների համար, որից հետո կորոշվեն հաղթողները 3 անվանակարգերով, այն է․ «Ջուրը և բնությունը», «Ջուրը և մենք», «Առանց ջրի»։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր