Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հաստատեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագիրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի ընդունումը Հայաստանում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով։
Հաշվի առնելով, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ԳՁՕ-ի շրջանառությունը արգելված չի եղել և դրանց ազդեցությունը ունի բավական երկարաժամկետ բնույթ, առկա է հստակ միջոցառումներ սահմանելու անհրաժեշտություն, որոնցով հնարավոր կլինի կանխել ԳՁՕ-ի գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգները և վերացնել դրանց հասցված վնասները։
«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի համաձայն Հայաստանում ԳՁՕ-ի գործածությունը թույլատրվում է մեկուսացված համակարգերում գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով, միաժամանակ առկա չեն միջոցառումներ, որոնք կարող են կանխել ԳՁՕ-ի հնարավոր գործածության դեպքում դրանց վնասակար ազդեցությունները և վերացնել հասցրած վնասները։
Սույն կարգավորման նպատակն է հաստատել ԳՁՕ-ի գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
Սույն իրավական ակտի ընդունման դեպքում ՀՀ-ում կբարելավվեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումները, կբարձրանա հասարակության տեղեկացվածության մակարդակը և կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն, կիրականացվեն ԳՁՕ-ի ժամանակակից կենսատեխնոլոգիական հետազոտություններ, կբարձրանա պարենային անվտանգության մակարդակը և կնվազի սերմերի կախվածությունը ներկրումից։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով