jkjhkjhkj

31-01-2019 13:44 1701

Կառավարությունը ներդնում է նոր բուժօգնության փաթեթ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այն տարածվելու է հետևյալ կատեգորիայի անձանց վրա. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում ու անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածներ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձինք, ձերբակալված եւ կալանավորված անձինք:

«Նրանց համար գործելու է նույն փաթեթը, ինչը գործել է նախկինում զինծառայողների և սոցփաթեթի շահառուների համար՝ հավելյալ 18 թանկարժեք բժշկական միջամտություններով: Դրանց մեջ են սրտի վիրահատությունները, գլխուղեղի վիրահատությունները, աչքի վիրահատությունները, լիպոտրիպսիան և այլն: Դրա համար մենք պետական բյուջեից հատկացրել ենք 1,4 մլրդ դրամ, և ողջ փաթեթը կազմելու է մոտ 3 մլրդ դրամ:

Նվազեցվել է նաև կոռուպցիայի ռիսկը և այս քաղաքացիները որևէ այլ վճար չպետք է կատարեն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է ստոմատոլոգիական բուժօգնությանը. «Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 ու ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7-12 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային ու նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական ծառայություններ ստանում են առանց համավճարի կիրառման: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի: Այս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջին փոփոխությունը տարածվելու է շուրջ 230 հազար մարդու վրա, որի արդյունքում կանխատեսված դեպքերի քանակը մոտ 16 հազար կլինի, 12 հազարի փոխարեն, այսինքն՝ մոտ 4 հազարով կավելանա դիմելիությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր