26-02-2019 14:39 1588

Zpmk

 

Վերջին շրջանում հաճախակի անդրադարձ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը և նրա կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրին:

Կոմբինատն այսօր շրջանառվող հրապարակումներին ի պատասխան, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Միանգամայն ընդունելի ենք համարում հասարակական առողջ հետաքրքրությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս՝ երկրի առաջատար ձեռնարկություններից մեկը լինելու հանգամանքը (արտադրության ծավալներով, վճարված ռեկորդային հարկերով, աշխատատեղերի քանակով, սոցիալական ծրագրերով և այլ ցուցանիշներով), ինչպես նաև բարձր ենք գնահատում կարծիքի արտահայտման՝ ներառյալ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատությունը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ծանուցել, որ այդ ազատությունը բացարձակ բնույթ չի կրում և ունի իրացման որոշակի սահման. ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում են այլոց իրավունքներն ու օրինական շահերը:

Խիստ մտահոգիչ է հատկապես տեղեկատվություն տարածողների անիրազեկվածության մակարդակը, ինչն, առաջին հերթին, անարգանք է լսարանի նկատմամբ: Օրինակ, վկայակոչվում են ընկերության կողմից 2017 և 2018 թվականներին վճարված հարկերի վերաբերյալ տվյալներ, դատողություններ են կատարվում այդ պարտավորությունների ձևավորման ճանապարհների, ընկերության ստացած եկամուտների մասին՝ տեղյակ չլինելով անգամ հանրային հարթակներում հասանելի աղբյուրներում տեղադրված տվյալներին: Մասնավորապես, 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ (EITI) առաջին զեկույցը` 2016 և 2017 թվականների համար, որը պարունակում է բավականին մանրամասն տվյալներ՝ ընկերության նշված տարիների գործունեության մասին (արտադրության և իրացման ծավալներ, արտահանում, վճարված հարկեր, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, սոցիալական և բարեգործական հատկացումներ և այլն) (հասանելի է www.eiti.am կայքում): Այդ տվյալները անկախ աուդիտորի («Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ) կողմից համադրվել են նաև պետական իրավասու մարմինների ներկայացրած համարժեք տվյալների հետ՝ ապահովելով դրանց բազմակողմանիությունը և արժանահավատությունը:

Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ բարձրաձայնված որոշ հարցերի վերաբերյալ, պարզաբանում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը յուրաքանչյուր տարվա համար հարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ նախորդ տարիների ցուցանիշների հիման վրա կանխավճարներ և վերջնավճարներ կատարելու միջոցով:
Ընդ որում, համապատասխան հարկման բազայի ձևավորումը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալներով և մետաղների միջազգային շուկայում ձևավորված գներով:
Տվյալ պարագայում, 2018 թվականի վճարված հարկի գումարի առյուծի բաժինը հաշվարկվել է 2017 թվականի առևտրային գործունեության արդյունքների հիման վրա՝ կրելով 2016 թվականի համեմատ մետաղների միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների, պղնձի խտանյութի արտադրության ծավալների և 2018 թվականին ընկերության կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճի ուղղակի ազդեցությունը:
Հատկանշական է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, անկախ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դժվարություններից, միշտ պահպանել է սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող հատկացումները. այդ նպատակներով ընկերությունը տարեկան տրամադրում է մոտ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Ընդ որում, դրանք չեն ներառում մարզի զարգացմանն ուղղված այնպիսի խոշոր բարեգործական ծրագրերին հատկացումները, ինչպիսիք են, օրինակ, Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված և ուղղվելիք ծախսերը:
Ելնելով որդեգրված սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներից՝ իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որպես կանոն, հանրայնացվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր նվազագույն տեղեկատվությունը, չցանկանալով դրան գովազդային երանգ տալ: Նույն սկզբունքին հավատարիմ ենք մնալու նաև հետայսու:

Ինչևէ, հակված չենք բանավեճի բռնվելու և համարժեք հռետորաբանությամբ արձագանքելու բոլոր մտացածին հայտարարություններին ու հրապարակումներին, սակայն պատրաստ ենք և ունակ ենք բոլոր հարթակներում սահմանված կարգով պաշտպանելու մեր ընկերության, իրենց ամենօրյա տքնաջան ու նվիրական աշխատանքով բարիք ստեղծող մեր բազմահազարանոց կոլեկտիվի (ավելի քան 4 500 հոգի) իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:»

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր