23-02-2019 15:10 1063

kasharq

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելու դիմաց, 2019 թ. փետրվարի 11-ին նույն զինկոմիսարիատի հաշվառման բաժնի տեսուչ Վ.Վ-ի միջոցով պահանջել է խոշոր չափերով՝ $1000 կաշառք գումար: Քաղաքացու զինգրքույկում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրանցելուց հետո Ա.Պ-ն, տեսուչի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել կաշառքը ստանալ փետրվարի 19-ին:

Գումարի փոխանցումը իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո զինկոմի տեղակալը բերման է ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր