16-08-2019 19:10 547

 

IDBank-ը 5 ուսանողի 1մլն դրամի չափով կրթաթոշակ է շնորհել և հայտարարել «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլի մասին

IDBank-ն այսօր հյուրընկալել է Բանկի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասնակիցներին։ Հատուկ նրանց համար կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էր Բանկի բարձրագույն ղեկավարությունը, նախ ամփոփվեց «IDBank-ի անվան կրթաթոշակ» ծրագիրը, որը հասցեագրված է այն ուսանողներին, ովքեր մագիստրատուրայում ուսումը շարունակելու նպատակ ունեն։
Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկի մասին հայտարարելուց հետո բազում խելացի և շնորհալի ուսանողներից ստացվել էին մեծ թվով դիմումներ, որոնք ուսումնասիրելու և հաղթողներին ընտրելու դժվարին գործընթացին ներգրավվել էին Բանկի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

«Բազմաթիվ դիմորդներից ընտրվել է 5 ուսանող. նրանք կստանան 1-ական մլն․ ՀՀ դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։ Ծրագիրը դրանով չի սահմանափակվելու, մենք պատրաստվում ենք դասախոսությունների, փորձի փոխանակման հանդիպումների շարք անցկացնել նրանց հետ, ինչպես արել ենք «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի շրջանակում։ Կարծում ենք՝ նման քայլերը հնարավորություն են տալիս ուսանողներին ինտեգրվելու բանկային միջավայր, ունեցած տեսական գիտելիքի ծավալը համալրել գործնական մասով և առավել մոտ գտնվել իրենց ապագա աշխատանքին։ Ի դեպ, այսօր այստեղ հավաքվել են նշված ծրագրով Բանկում արդեն իսկ աշխատող երիտասարդներ, ինչպես նաև նրանք, ովքեր ընտրվել են որպես «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներ»,

-ասել է Սոնա Մանուչարյանը։


Կրթաթոշակների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվեց «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլը։ Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին՝ հատուկ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը․

«Կրթական ծրագրերը Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկն են և անձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար։ Մենք խոր համոզմունք ունենք, որ կրթությունը հասարակության զարգացման կարևորագույն հիմնաքարն է, ուստի IDBank-ը շարունակաբար ներդրումներ է անում մարդու, նրա գիտելիքի ու ներուժի մեջ, մենք ծրագրեր ենք իրականացնում կրթության որակի բարելավման, աշխատանքային փորձ չունեցող ուսանողների՝ աշխատանքի ընդունման ուղղությամբ, ընդ որում բոլոր այս ուղղություններով լուծում ենք նաև սոցիալական խնդիր»։


Բանկում նշել են, որ IDBank-ի կրթական ծրագրերն ունենալու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու ոչ միայն ուսանողներին, այն նաև առավել լայն հասարակությանը՝ ընդգրկելով ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր