jkjhkjhkj

18-05-2023 11:09 168

Ռուսաստանն ու Իրանը այսօր իրանի տարածքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու նախագծման ու շինարարության ֆինանսավորման համաձայնագիր են ստորագրել:

Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, որը արարողությանը միացել էր տեսակապի միջոցով։

Իրանի նախագահն այս համաձայնագիրն որակել է «մեծ ու նշանակալի քայլ» եւ նշել, որ այդ միջանցքը կաշխատի ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների։

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իրանական «Ռեշտ-Աստարա» երկաթուղին կօգտագործվի Պարսից ծոցի եւ Աֆրիկայի երկրներին պարեն մատակարարելու նպատակով։

«Ռեշտ-Աստարա նախագծի իրականացումը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի երկաթուղային երթուղիների թողունակության համակարգված մեծացման աշխատանքների միայն սկիզբն է: Այդ միջանցքի ստեղծման համատեքստում փոխգործակցությունն իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։ Եվ մենք ակնկալում ենք եռակողմ ձեւաչափով՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ, «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային ենթակառուցվածքների եւ բեռնափոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախապատրաստման շուտափույթ ավարտը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի «Ռեշտ-Աստարա» նախագծի իրականացման համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ եվրո է։

Նա նշել է, որ Աստարա եւ Ռեշտ քաղաքների միջեւ 162 կմ երկարությամբ հատվածը պակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունն ամբողջացնելու համար։

«Երբ այս նախագիծը կյանքի կոչվի, մենք կունենանք միջանցիկ երթուղի` ապրանքների ինչպես տարանցիկ ճանապարհով դեպի Եվրոպա, այնպես էլ Ռուսաստանից Պարսից ծոց առաքման համար։ Իրականում սա տրանսպորտային լոգիստիկ երթուղիների գլոբալ փոփոխություն է, խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծ»,- ընդգծել է Նովակը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր