Աշխարհաքաղաքական գործոնները «աննշան» ներգործություն են ունենում համաշխարհային արտաքին առեւտրային հարաբերությունների վրա։ Ներկայում գլոբալացմանն արժանի այլընտրանքներ չկան, այսպիսի եզրահանգման է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբան Սերհան Սեւիքը, գրել է ՌԲԿ-ն։
«Իր «Կեցցե գլոբալացումը. աշխարհաքաղաքական ցնցումները եւ միջազգային առեւտուրը» հոդվածում փորձագետն ուսումնասիրել է ավելի քան 59 հազար երկկողմ առեւտրային հոսքերը, որոնք գոյություն են ունեցել 1948-2021թթ.։ Նա եկել է այն եզրակացության, որ տեղային պատերազմները եւ հակամարտություններն այդ ընթացքում «հակասական» են եղել եւ «վիճակագրականորեն աննշան» ազդեցություն են ունեցել պետությունների ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա։ Հավաքած տեղեկության հիման վրա հեղինակը հայտարարել է, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ միայնակ հասնել կայուն տնտեսական աճի՝ առանց սերտ առեւտրային կապերի այլ պետությունների հետ։ Այդ պատճառով ներկայում «գլոբալ ինտեգրացիան շարունակում է բարգավաճել»։
Ինչպես հավաստիացրել է Սեւիքը, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի վրա ազդում են մի շարք գործոններ, ներառյալ երկրների հեռավորությունը միմյանցից, բնակչության թվաքանակը, ՀՆԱ չափը, երկրների անդամակցությունը միջազգային առեւտրային կազմակերպություններին եւ այլն։ Ընդ որում՝ սերտ աշխարհաքաղաքական կապն, ընդհակառակը, ապրանքաշրջանառության վրա բացասական ազդեցություն է գործում։ Փորձագետի հաշվարկների համաձայն՝ տասը տոկոսով աշխարհաքաղաքական մերձեցման դեպքում երկու երկրների առեւտրի ծավալները նվազում են 2,6 տոկոսով։ Այդ գործոնը ամենաքիչ ազդեցությունն է ունենում զարգացած տնտեսություն ունեցող երկրների ապրանքաշրջանառության դինամիկայի վրա, նշել է վերլուծաբանը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am