jkjhkjhkj

06-08-2024 10:58 126

Ճապոնիան մտնում է Կենտրոնական Ասիա. Տոկիոն Հայաստանի հարավում կոմունիկացիաների բացման շահառու՞ է:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 9-12-ին կգտնվի Կենտրոնական Ասիայում: Ըստ տեղեկությունների, Ղազախստանի մայրաքաղաքում գումարվում է Ճապոնիա-Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Տոկիոն Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրա-տնտեսական համագործակցություն իրականացնում է 2004 թվականից, բայց սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի վարչապետը մի սեղանի շուրջ քննարկումներ կունենա տարածաշրջանի բոլոր երկրների առաջնորդների հետ:

 

Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Կնյազևի կարծիքով՝ Ճապոնիայի այդ նախաձեռնությունն առաջին հերթին հետապնդում է Կենտրոնական Ասիայում Չինաստանի ազդեցությունը հակակշռելու նպատակ: Ղազախստանցի փորձագետ Սատաևի գնահատմամբ՝ Ճապոնիան Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում է հարաբերություններ կառուցել «հումք՝ տեխնոլոգիաների դիմաց» սկզբունքով:

Նա կարծում է, որ Ճապոնիայի վարչապետի այցը կապված է նաև Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա կոմունիկացիաներին ներգրավվելու մտադրության հետ: Ըստ ղազախ փորձագետի, Ճապոնիան Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներին առաջարկում է լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման նախագիծ:

Պարզ չէ, թե խոսքն առկա կոմունիկացիաների արդիականացման մասի՞ն է միայն, թե՞ Ճապոնիան հետաքրքրված է նաև նորերի ստեղծմամբ: Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա մեկ հաղորդուղի արդեն գործում է, դա Բաքու-Կարս երկաթուղին է: Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Օ’Բրայանը խոսել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդուղու մասին:

Արդյոք Ճապոնիան նույնպես շահագրգռված է այդ երկրորդ երթուղու ստեղծմամբ: Ղազախ փորձագետ Սատաևի տեղեկացվածությամբ՝ Ճապոնիան Ադրբեջանին առաջարկել է կոնտեյներային բեռնափոխադրումների կազմակերպման իր փորձը:

Ադրբեջանը վերջերս Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրել: Եթե Ճապոնիան ձգտում է Կենտրոնական Ասիայում Չինաստանի ազդեցությանը հակակշիռներ ստեղծել, ապա ինչպես է Բաքուն համադրելու Պեկինի և Տոկիոյի հետ հարաբերությունները:

ASEAN-ի նախարարական խորհրդաժողովից հետո Միացյալ Նահանգները Տոկիոյում առանձին հանդիպում է կազմակերպել, որին մասնակցել են Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի արտաքին գործերի նախարարները: Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ծրագիր է իրականացնում նաև Հարավային Կորեան:

Ճապոնիայի վարչապետի Կենտրոնական Ասիա շրջայցը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հարավում հաղորդուղու բացման շուրջ քննարկումների վրա: Տոկիոն դիտարկո՞ւմ է այդ նախագծին իր մասնակցությունը: Կա՞ն Բաքու-Տոկիո քննարկումներ:

Ճապոնիայի վարչապետը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների հետ գագաթաժողով է կազմակերպում աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը «Զանգեզուրի ճանապարհը» Հայաստանի համար «վնասակար» է որակել:

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր