12-03-2019 15:28 446

 

Forbes պարբերականը «Ալֆա-գրուպի» հիմնադիր և LetterOne լյուքսեմբերգյան հոլդինգի խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է Լոնդոնի ամենահարուստ բնակիչ:

Հաղորդվում է, որ պարբերականի փորձագետներն աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր գլոբալ վարկանիշի հիման վրա հաշվել են, թե որ քաղաքներում են առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում, նաև նշել են այդ քաղաքների ամենահարուստ բնակիչներին: Լոնդոնում, որտեղ ապրում է 226 մլրդ դոլար միագումար կարողություն ունեցող 55 միլիարդատեր, ամենահարուստ բնակիչը դարձել է ռուսաստանցի, «Ալֆա-գրուպի» համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը: Նրա կարողությունը գնահատվում է 15 մլրդ դոլար:

Ֆրիդմանն ամենահարուստ լոնդոնցին է ճանաչվել առաջին անգամ: Մինչ այդ մի քանի տարի շարունակ այդ կոչումը պահպանում էր ծագումով ԽՍՀՄ-ից, Access Industries-ի սեփականատեր Լեոնարդ Բլավատնիկը:

Այժմ Forbes-ը որպես Բլավատնիկի մշտական բնակության վայր է նշում Նյու Յորքը և հայտնում, որ այն քաղաքների առաջին եռյակում, որտեղ ամենամեծ թվով միլիարդատերերն են ապրում, հաստատուն տեղ է զբաղեցնում Մոսկվան:

2019 թվականին Forbes-ը Ռուսաստանի մայրաքաղաքում գտել է 71 միլիարդատիրոջ, որոնցից ամենահարուստը «Նովատեկ» ընկերության վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնն է: 2019 թվականի վարկանիշում այդ ցուցանիշով Մոսկվային գերազանցել են միայն Նյու Յորքը և Հոնկոնգը:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր