13-03-2019 17:06 423

Եվրամիությունն ուսումնասիրելու է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը, հայտարարել է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի:

«Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել է նա: Եվրահանձնակատարը հույս ունի, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:

«Շարժեր լինում են բոլոր խորհրդարաններում, այդ թվում՝ բրիտանական»,- նշել է Էթինգերը: Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ բրիտանացիներ են գիտակցում, թե ինչ «վիթխարի վնաս» կարող է պատճառել Brexit-ը:

Բրիտանացի պատգամավորները երեքշաբթի կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը երեքշաբթի կայացել է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժել է համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել է 242 պատգամավոր:
Մեյը հավաստել է, որ չորեքշաբթի Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի այն հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր