15-04-2019 18:55 469

 

ԵՄ Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը Եվրամիության կողմից վերջնականապես հաստատվել է: Այն թույլ կտա Բրյուսելին ընդլայնել ծովային գազամուղների, մասնավորապես «Հյուսիսային հոսք-2»-ի վերահսկման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ԵՄ Խոհրդի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ փաստաթուղթը հաստատվել է առանց քննարկման ինչպես եւ սպասվում էր: Համապատասխան նորմատիվ ակտերը կհրապարակվեն մոտ ապագայում ԵՄ պաշտոնական ամսագրում և դրանից 20 օր անց նոր օրենքը ուժի մեջ կմտնի:

ԵՄ խորհուրդը նաև ընդգծել է, որ նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ անդամ պետությունները կունենան ինն ամիս դրանք ազգային օրենսդրության մեջ ներդնելու համար:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն մտադիր է մինչև 2019 թվականի վերջը կատարել բոլոր տեխնիկական ընթացակարգերը, քանի որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Դոմինիկ Ռիստորին հայտնել էր, որ փոփոխված ԵՄ գազային դիրեկտիվը պետք է ուժի մեջ մտնի «Հյուսիսային հոսք 2» -ի շահագործումից առաջ, որպեսզի դրա գործողությունը տարածվի այդ նախագծի վրա:

Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ը շահագործման կհանձնվի մինչև 2019 թվականի վերջը:

Լրամշակված դիրեկտիվը ԵՄ էներգանորմերը տարածում է երրորդ երկրներից ԵՄ հասնող ծովային գազամուղների վրա, որոնք դուրս են գալիս միության պետությունների սահմաններից:

ԵՄ-ի Երրորդ էներգափաթեթի նորմերի համաձայն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը պետք է «Գազպրոմ»-ից անկախ ընկերություն լինի:

Գերմանիան հասել է այդ փոփոխությունների զգալի մեղմացման, քանի որ ամփոփիչ տեքստում նշվում է, որ ռուսական նախագծին այդ նորմերից բացառությունների տրամադրման մասին որոշումը ընդունելու է ոչ թե Բրյուսելը, այլ ԵՄ երկիրը, որտեղ գազամուղը դուրս է գալիս եվրոպական տարածք: «Հյուսիսային հոսք 2»-ի դեպքում դա Գերմանիան է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր