17-10-2019 23:09 123

 

Բրյուսելում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը:

Նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները (ճանապարհային քարտեզներ) հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն:

Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն ու ընթացող բանակցային գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր