ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին կառավարության հեղինակած՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը զեկուցեց, որ 2017թ.-ից դառնալով միջազգային կազմակերպության անդամ՝ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ, որոնք հանգեցնելու են հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց եւ թափանցիկ կառավարմանը.
«Պարտավորություններից մեկը ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումն է, որի գործընթացը կառավարում է նշյալ օրենքի նախագիծը: Այն մշակվել է այդ թվում հանքարդյունաբերող կազմակերպությունների ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել ենք միջազգային փորձը»:
Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ այս նախագիծը, որը ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից, արդեն իսկ քննարկվել է նախորդ գումարման ԱԺ-ում և անցել առաջին ընթերցումը: Ի դեպ, ըստ նախագծի՝ հանքի սեփականատերը կարող է լինել ֆիզիկական, և ոչ իրավաբանական անձ: Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ սա միտված է իրական սեփականատիրոջը բացահայտելու, որովհետեւ իրավաբանական անձը կարող է գրանցված լինել օֆշորային գոտիներում, բաժնետոմսերի տերերն էլ կարող են անհայտ մնալ. «Ցանկացած իրավաբանական անձի՝ ֆիզիկական սեփականատիրոջ բացահայտմանը պետք է հասնենք, որպեսզի պարզ լինի, թե հանքի իրական տերն ով է: Ամեն ընկերության հետեւում ֆիզիկական անձ է կանգնած»: Պատգամավորների քվեարկությամբ որոշվեց նախագիծը ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցման ներկայացնել 24-ժամյա ռեժիմով:
The material is copyrighted and protected by law