jkjhkjhkj

20-11-2023 12:01 387

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան/Բանկ) $100,000 ներդրում է տրամադրել H.O.P.E (Հույս) ծրագրի նպատակային աջակցության համար:

«Շարունակվող հումանիտար ճգնաժամին զուգահեռ ստեղծված այս նախաձեռնությունը նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:

HSBC Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ՔՈԱՖ-ի վստահելի գործընկերն է։ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակները համընկնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առաքելությանը, այն է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ՝ գյուղական համայնքներում կրթության որակը բարելավելու եւ մասնագիտական զարգացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով։ 2012 թվականից ի վեր, բանկն աջակցում է ՔՈԱՖ-ի տարբեր նախագծերին, այդ թվում՝ կրթաթոշակների եւ կարիերայի զարգացման ծրագրին:

H.O.P.E (Հույս) նախագծին աջակցելով՝ HSBC Հայաստանը ուղղակիորեն նպաստում է Արցախից բռնի տեղահանված անձանց կրթական եւ մասնագիտական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, ինչպես նաեւ բնակարանների հրատապ խնդրի լուծմանը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

«H.O.P.E. նախագիծն իրականացնելիս ՔՈԱՖ-ը հենվում է Հայաստանի գյուղական համայնքներում շուրջ քսանամյա փորձի եւ 2020 թվականի պատերազմի հետեւանքները վերացնելու մեր ծավալուն ջանքերի վրա: Մենք այդ փորձն ուղղում ենք կրթության, առողջապահության, հոգեբանական ծառայությունների եւ տնտեսական զարգացման ոլորտներում՝ համապարփակ եւ կայուն կերպով բավարարելու տեղահանված անձանց բազմակողմանի կարիքները»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
«Հումանիտար ճգնաժամի դեմ պայքարն ու Արցախից բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելը առանձնահատուկ նշանակություն ուներ մեզ համար։ ՔՈԱՖ-ի հետ ջանքերը միավորելու մեր որոշումը պայմանավորված էր երկար տարիների համագործակցության արդյունքում ձեւավորված փոխվստահությամբ, ինչպես նաեւ H.O.P.E. ծրագրի նպատակներով՝ տեղահանվածներին որակյալ կացարանների տրամադրում, կրթության հնարավորությունների ստեղծում, հոգեսոցիալական աջակցություն ու հմտությունների զարգացում: Ծրագիրը, համահունչ լինելով համայնքների բարօրության ստեղծման մեր հանձնառությանը, կնպաստի մեր հայրենակիցների երկարաժամկետ բարեկեցությանն ու հայաստանյան կյանքում բարեհաջող ինտեգրմանը», - ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

Նշվում է, որ H.O.P.E. նախագիծը միտված է ճգնաժամային իրավիճակում համապարփակ աջակցություն տրամադրելուն եւ ընդգրկում է չորս առանցքային ուղղություն՝ բնակարանային կարիքներ (Housing), կրթական հնարավորություններ (Opportunities in Education), հոգեսոցիալական աջակցություն (Psychological and Health Support) ու հմտությունների զարգացում (Empowerment through Capacity Building)։

«Սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ ՔՈԱՖ-ն առաջարկում է ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնակարանային լուծումներ Արցախից տեղահանված անձանց համար: Նախագծի հաջորդ՝ կրթական բաղադրիչի շրջանակում, ՔՈԱՖ-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերում ակտիվորեն ներգրավում է արցախահայ երեխաների: Բացի այդ, նախագիծը ներառում է կրթաթոշակի եւ կարիերայի զարգացման ծրագրեր, որոնք երիտասարդների համար հասանելի կդարձնեն բարձրագույն կրթությունն ու մասնագիտական հնարավորությունները։

H.O.P.E. ծրագրի կարեւորագույն ուղղություններից է բռնի տեղահանված անձանց առողջության եւ բարեկեցության ամրապնդումը: ՔՈԱՖ-ը զգալիորեն ընդլայնում է իր մասնագետների թիմը Լոռու եւ Արմավիրի մարզերի Երեխայի եւ ընտանիքի կենտրոններում՝ Արցախից տեղահանված անձանց հոգեբանական, լոգոպեդական ու սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Նախագիծը երաշխավորում է, որ Լոռու Դսեղ գյուղի տարածաշրջանային առողջության կենտրոնում երեխաներն ու մեծահասակներն ունենան անվճար ատամնաբուժական խնամք եւ առաջնային խնամքի ծառայություններ: Զուգահեռաբար, ՔՈԱՖ-ը ձեւավորում է մասնագետների շարժական թիմեր՝ նրանց աշխատանքն անհրաժեշտ վայրերում ապահովելու նպատակով։ Թիմում ներառված են ՔՈԱՖ Ստեփանակերտի Երեխայի եւ ընտանիքի կենտրոնի մասնագետները։

Կարեւորելով մասնագիտական զարգացումը՝ ՔՈԱՖ-ի հանձնառությունը ընդգրկում է նաեւ Լոռու եւ Արմավիրի մարզերում հաստատված արցախահայ մանկավարժների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այս ջանքերը կարեւոր են ուսուցիչների եւ դասավանդողների համար աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում:

The material is copyrighted and protected by law

Often read materials