Շրջանառության հարկը ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել կամ առաջարկել այլ` ավելի լավ համակարգ։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ–ում այսօր սկսվել են 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։
Նախարարն ընդգծեց, որ պետք է ապահովեն հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազում, և շրջանառության հարկի գրավչության նվազման միջոցով վերացնեն մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը։
«Մեր նպատակն է փոքրացնել այս հարկատեսակի կամ ռեժիմի գրավչությունը։ Այդ նպատակով տարբեր միջոցներ ենք ձեռնարկել։ Օրինակ` փաստաթղթավորման պահանջը պարտադիր ենք դարձրել։ Առաջիկայում հանդես կգանք նաև առաջարկով, որ կմեծացնենք փաստաթղթավորում իրականացնելու խթանները տնտեսվարողների համար` նպատակ ունենալով այս համակարգը դարձնել ավելի քիչ արտոնյալ»,– ընդգծեց նա։
Ըստ նախարարի` նաև մտածելու են իրական գործիքներ, որոնք փոքր և միջին ձեռնարկությունների համար կստեղծեն պայմաններ զարգանալու ու նորարությամբ զբաղվելու։
Հովհաննիսյանի համոզմամբ` ՓՄՁ–երը կարող են արագ զարգանալ, երբ նորարությամբ են զբաղվում։
«Այս համակարգը թույլ չի տալիս զարգանալ, քանի որ այն շեմը, որ կա, դա մեծ սթրես է այդ ձեռնարկության համար, ու մենք կուզենայինք, որ այդ տարբերությունը կամաց–կամաց փոքրանա, գրավչությունը` ևս։ Ինչ–որ ժամանակ, հիմա կոնկրետ որևէ պլան, իհարկե, չունենք, այս համակարգը պետք է չեղարկենք կամ գուցե դրա փոխարեն առաջարկեք ավելի լավ համակարգ»,– նշեց նախարարը։
Նշենք, որ ՀՀ–ում շրջանառության հարկ վճարողներ են համարվում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 մլն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները։
Материал защищен авторским правом и охраняется законом