Երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին և Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների ծրագրերը:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան խումբն ակտիվորեն ներգրավված է Արցախի տարբեր ոլորտների զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ սերտ փոխգործակցությունը կպահպանվի նաև ապագայում:
Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Արցախի հետ Էռնեկյան ընտանիքի գործակցությունը սկսվել է դեռևս 1995 թվականին, երբ մեկնարկել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Այսօր պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունները ակտիվորեն մասնակցում են Արցախում խաղողագործության զարգացմանը, բերքի իրացմանը, կատարում ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներ: Իսկ Կոնվերս Բանկի «Ստեփանակերտ» մասնաճյուղը իր հաճախորդներին է առաջարկում համապարփակ բանկային ծառայություններ՝ այդ թվում համագործակցելով Արցախի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման նպատակով գործող կառույցների հետ:
Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանին են ներկայացվել նաև մանրամասներ ՀԲԸՄ ձեռներեց կանանց աջակցման ծրագրին Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներգրավվածության մասին:
Материал защищен авторским правом и охраняется законом