27-02-2019 14:12 3497

aygi1

 

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական տարածքում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ կողմից ինտենսիվ այգի է հիմնվում:

Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից:

Այգու հիմնման ծրագիրը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլից:

«Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանի խոսքով՝ 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլին: «Նախատեսված է տնկել ու խնամել 110 հազար խնձորի ծառ՝ 3 տեսակով: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու շինարարությունն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման դեպքում այստեղ կունենանք 100 մշտական եւ 250 ժամանակավոր աշխատատեղ: Բնական է, որ աշխատանքներում հիմնականում կընդգրկվեն տեղի բնակիչները: Պտղի ստացումն ակնկալում ենք առաջիկա 3-4 տարվա ընթացքում», - նշեց Ռոբերտ Կոծինյանը:

Ակնկալվում է ինտենսիվ այգու 1 հեկտարից ստանալ մինչեւ 40-50 տոննա բերք: Ապագայում նախատեսվում է նույն տարածքում հիմնել եւս 30-40 հեկտար ինտենսիվ այգի, որի շինարարությունը, ըստ ամենայնի կիրականացվի 2020-2021 թվականների ընթացքում:

«Նման ծավալի ներդրումները, ինչ խոսք, ոչ միայն զարգացման կայուն երաշխիքներ են ստեղծում մարզի գյուղատնտեսության զարգացման համար, այլ նաեւ մեզ մատուցում են արդիականացված ու մրցակցային գյուղատնտեսություն, որն իր հերթին ապահովելու է կայուն աշխատատեղեր, զարգացող արտադրություն, աղքատության հաղթահարում: Այս ծրագրի հաջող ընթացքն ու հետագա շարունակությունը խթան կհանդիսանան, որ մարզի մյուս համայնքներում էլ կատարվեն համապատասխան ներդրումներ ինչպես պտղաբուծության, այնպես էլ գյուղատնտեսության ու արդյունաբերության մի շարք ճյուղերում: Բոլոր ներդրումները մեր կողմից կլինեն օրենքով պաշտպանված եւ խրախուսվող», - նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Финансовые новости

Наиболее читаемые публикации