Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2022 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7%:
«Պարտքի կառավարման ռազմավարության համաձայն՝ եթե մինչեւ 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ից ցածր լինի, գոհ կլինենք: 2022 թվականի տվյալներով այս ցուցանիշն իրականացրել ենք առաջանցիկ»,- ԱԺ-ում ներկայացնելով 2022 թվականի բյուջեի հաշվետվությունը՝ ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 58.9% եւ պարտքի գնահատման առումով նոմինալ պարտքը մեծացել է հասկանալի պատճառներով.
«Որովհետեւ վարկային ծրագրեր ունենք, նաեւ կորոնավիրուսի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ տարել, ու արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է:
Մենք պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով, օրինակ, ընթացիկ ծախսերի՝ աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում»:
The material is copyrighted and protected by law



