jkjhkjhkj

31-10-2023 14:55 752

Երասխի գործարանի նախագիծը շարունակվում է, այն իրագործման ընթացքում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով գործարանը տեղափոխվելու է, լինելու է մոտակայքում:

Հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ մենք տուրք ենք տալիս Ադրբեջանի ցանկությանը եւ տեղափոխում ենք գործարանը, նախարարը պատասխանեց. «Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ եւ, ըստ էության, ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը: Մենք մեր ֆունկցիան, հաշվի առնելով աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»:

Վահան Քերոբյանը խոստովանեց, որ անվտանգային միջավայրը ազդում է ներդրումների ներգրավման վրա. «Դա անխուսափելի է, մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են տարբեր ներդրումներ իրականացնել, քննարկում են, բայց չեն սկսում, եւ բոլորս, այդ թվում նաեւ վարչապետը, եւ առաջին հերթին վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունը էական, միգուցե ամենակարեւոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի վրա: Խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերն առաջին հերթին, այնպիսի ծրագրերը, որոնք ունեն երկար հետվերադարձելիության ժամկետ»:

The material is copyrighted and protected by law

Often read materials