PanARMENIAN.Net - Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի: Կառավարության նիստում հաստատվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է որոշման նախագիծը։
«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 մլն դրամը ներառյալ, անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը ու դրամական միջոցները և այլն»,- ասել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը:
Նա նաև նշել է, որ ընթացիկ տարուց սկսած թոշակառուները ևս պետք է լրացնեն հայտարարագիր։ Նրանք 2025 թվականի համար հայտարարագիր են ներկայացնելու 2026 թվականին, իսկ եթե լրացուցիչ տվյալներ ավելացնելու անհրաժեշտություն չլինի, փաստաթուղթը կլրացվի ինքնաշխատ կերպով։
Ազգային ժողովը 2025 թվականին ընդունել է նախագիծ, որի արդյունքում էապես պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։
Մասնավորապես՝ սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող չհարկվող եկամուտները։ Միաժամանակ հստակեցվել է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողները և որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները։
The material is copyrighted and protected by law



