
Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից ներգրավել է €40 մլն արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երեւանում` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Շարպենտիեի կողմից:
Միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին` հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության եւ մրցունակության ամրապնդման նպատակներով:
Նախարարությունում նշել են, որ բյուջետային աջակցության վարկերն ավելի ճկուն են ծրագրայինների համեմատ, քանի որ հնարավորություն են տալիս հետագայում վերաբաշխել միջոցները` տվյալ պահին առավել նպատակահարման ուղղություններով:
Ժան Կլոդ Պիրեին ասել է, որ տրամադրվել է երկարաժամկետ վարկ` 20 տարով, որի մարումը կսկսվի 6-րդ տարվանից:
Նրա խոսքով՝ տոկոսադրույքը եւս կլինի մեղմ՝ ներառելով նաեւ սուբսիդավորում Ֆրանսիայի կողմից, ինչը «Հայաստանի համար կթեթեւացնի վարկային բեռը»:
«Սա Հայաստանի հետ մեր արդեն երրորդ պայմանագիրն է: Նախկինում կնքել ենք էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարկավորման պայմանագիր, իսկ տարեսկզբին ստանձնել ենք Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորումը, որը կխթանի գյուղատնտեսության զարգացմանն այդ մարզում»,- նշել է նա:
Գործակալության փոխտնօրենն ընդգծել է, որ չնայած Հայաստանի հետ սկսել են աշխատել ոչ վաղ անցյալում, այդուհանդերձ, արդեն իսկ դրական կարծիք են կազմել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության վերաբերյալ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.banks.am/am/news/newsfeed/12993/
The material is copyrighted and protected by law



