Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կողմից հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։
Նշենք, որ մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի անկլավները:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Նա կարծիք էր հայտնել, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ։
The material is copyrighted and protected by law



