ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա են գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:
Նորակառույց շենքը գտնվում է Բագրատունյաց 47/2 հասցեում: Այն ունի 1-4 սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Ինչպես հաղորդվում է՝ շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:
Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքի հարեւանությամբ գտնվող անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:
The material is copyrighted and protected by law





