Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ամենակարևոր պարտականություններից է։ Սա ոչ միայն բարոյական, այլև իրավական «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով ամրագրված պարտականություն է։
Եթե երեխան խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, նրա ծնողները կամ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սակայն ավելի խիստ պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերում, երբ ծնողը կամ խնամակալը չի կատարում երեխայի խնամքի ու դաստիարակության իր պարտականությունները։
Ի՞նչ է նախատեսում քրեական օրենսգիրքը
Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման,պատժվում է․
տուգանքով՝ մինչև տասնապատիկի չափով, կամ
որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև 3 տարի, կամ
ազատության սահմանափակմամբ՝ մինչև 1 տարի, կամ
կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մինչև 2 ամիս, կամ
ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի։
Եթե այս արարքը․ զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, կամ
անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ այլ ծանր հետևանք,
ապա պատիժը շատ ավելի խիստ է․
որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ 2–5 տարի, կամ
ազատության սահմանափակում՝ 1–3 տարի, կամ
կարճաժամկետ ազատազրկում՝ 1–2 ամիս, կամ
ազատազրկում՝ մինչև 4 տարի։
Ինչու է սա կարևոր
Երեխայի խնամքն ու դաստիարակությունը ոչ միայն բարոյական պարտականություն է, այլև օրենքով նախատեսված պարտավորություն, ամրագրված ՀՀ օրենսդրությամբ։
Օրենքով սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն կանխարգելել անփույթ կամ վտանգավոր վարքագիծը և ապահովել երեխայի իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը։
Անչափահասի շահերը համարվում են գերակայող, և պետությունն ապահովում է համապատասխան իրավական մեխանիզմներ՝ նրանց առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելու համար։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։
The material is copyrighted and protected by law



