jkjhkjhkj

18-02-2026 09:02 190

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարա­նային ապա­հով­ման պետական աջակցու­թյան ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։

Ծրագրի նպատակն է կարճաժամկետ ժամանակահատվածում, փուլային տարբերակով լուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված բոլոր Շահառուների բնակարանային խնդիրները՝ սոցիալ-կենցա­ղային բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով ապահովելով վերջիններիս արժանավայել կեցությունը Հայաստանի Հանրապետությունում։

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն տրամադրվում է բնակարանի գնման վկայագիր` որը Շահառուի կողմից կարող է իրացվել հետևյալ ուղղություն­ներից որևէ մեկով՝

1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման.

2) անհատական բնակելի տան կառուցման, որի դեպքում բնակարանի գնման վկայագրի իրացումն իրականացվում է թե´ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, և թե´ լիցենզավորված կազմակեր­պությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծա­նախա­հաշվային փաստաթղթերի հիման վրա՝ անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով.
Ծրագրի իմաստով Շահառու են համարվում անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան կամ սեփակա­նության իրավունքով բնակելի տարածություն կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն չստացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն ընտանիքները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն կամ 2018 թվականի փետրվարի 4-ի N 1419-Ն որոշումներով սահմանված կարգերի համաձայն իրականացված վարչարարության արդյունքում ընդունված դրական եզրակա­ցության հիման վրա արձակվել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գության ծառայության տնօրենի հրաման, բացառությամբ՝ երբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն կարգի 5-րդ կետում նշված համապատասխան հանձնաժողովի կողմից իրա­կա­նաց­ված վարչա­րարության արդյուն­քում Շահառուի և համապատասխան հանձնաժողովի նախագահի հետ կնքվել է բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր և բնակարանի գնման վկայագիրը դեռևս սահմանված կարգով մարված չէ:

Շահառուն սույն ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակնե­րում)։

Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով.

2) կանխավճարի չափը կազմում է հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տարածության ձեռքբերման պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարի 10 տոկոսը.

3) հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակներում գործընկեր ֆինան­սա­կան կազմակերպության կողմից.

4) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.

5) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.

6) կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կող­մից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրա­վով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփակա­նու­թյան իրա­վունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,
բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակա­րա­նի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վար­կա­յին միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։
7) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակ­տը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսա­կան կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթաց­քում։

Ընդ որում՝ մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակեր­պու­մը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցի­ա­կան օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:

8․ Աջակցության չափը որոշվում է աջակ­ցու­­թյուն տրամադրելու վերաբերյալ եզրակացու-թյան ընդունման օրվա դրությամբ շահառուների քա­նա­­կից (ընտանիքի կազմից) և հասանելիք սենյակների թվից` ելնելով աջակցություն տրա­մա­դրե­լու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ բնա­կա­րան­նե­րի ձևավորված շուկայական միջին գնից` սույն կարգի 5-րդ կետում նշվածՀայաստանի Հանրապետության կառավարության որո­շումներով սահմանված կարգով:

9․ Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է առնվազն 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշ­­վարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակեր­պություններից ներգրավված միջոցների հաշվին տրամա­դրվող ծրագրային վար­կե­րի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազ­մում է՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.
2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4% չափով՝ վարկի տրա­մադրման պահին։
10․ Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկո­սադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսա­դրույ­քի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տա­րե­կան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողու­թյան ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկո­սա­դրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։

11․ Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուց­ման բաղադրիչը, ապա իրացվողբնակարանի գնման վկայագրի արժեքումկարող է ներառ­վել նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված՝ առնվազն 400 քմ մակե­րեսով և սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինակելի նախագծա­նախահաշվային փաստաթղթերին համապատասխանող հողամասի ձեռքբերման արժեքը, բայց ոչ ավելի, քան 3 մլն դրամի չափով։

12․ Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով բնակարանի գնման վկայագրի իրացման և սույն հավելվածի 12-րդ կետում նշված հողամասի ձեռքբերման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝

1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ և
2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ և
3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
Անցկացման ժամկետները և կարգը

Ծրագիրն իրականացվելու է հինգ տարվա ընթացքում (2027-2031թթ.)՝ հինգ փուլով։

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝

մինչև 2007 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված պայմա­գրային զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և ծառա­յու­թյունից սահ­ման­ված կարգով արձակված նախկին զինծառայողներին,
մինչև 2007 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված` զոհված (մահա­­ցած) զինծառայողների ընտանիքի անդամներին, ֆունկցիո­նալության խորը, ծանր կամ միջին աստի­ճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառա­յող­­ներին:
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2028 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

2008 թվականից մինչև 2010 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանա­գրային զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին,
2008 թվականից մինչև 2009 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված` զոհված (մա­հա­­ցած) զինծառայողների ընտանիքի անդամներին, ֆունկցիո­նալության խորը, ծանր կամ միջին աստի­ճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին:
Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2029 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

2011 թվականից մինչև 2013 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանա­գրային զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին,
2010 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված` զոհված (մա­հա­­ցած) զինծառայողների ընտանիքի անդամներին, ֆունկցիո­նալության խորը, ծանր կամ միջին աստի­ճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին:
Ծրագրի չորրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2030 թվականի հունվարի 1-ը և ընդգրկումէ՝

2014 թվականից մինչև 2016 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանա­գրային զինծառայողներ, նրանց հավասարեցված անձինք և ծառայու­թյունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին,
2015 թվականից մինչև 2021 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված` զոհված (մա­հա­­ցած) զինծառայողների ընտանիքի անդամներին, ֆունկցիո­նա­լու­թյան խորը, ծանր կամ միջին աստի­ճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին:
Ծրագրի հինգերորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2031 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

2017 թվականին բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանա­գրային զինծառա­յողներ, նրանց հավասարեցված անձինք և ծառայու­թյունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին,
2022 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ բնակարանային հաշվառման ընդգրկված` զոհված (մա­հա­­ցած) զինծառայողների ընտանիքի անդամներին, ֆունկցիո­նա­լու­թյան խորը, ծանր կամ միջին աստի­ճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին:

The material is copyrighted and protected by law

Often read materials