2025 թվականին Հայաստանում ընթացիկ գներով 811 միլիարդ դրամի շինարարություն է իրականացվել։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՎԿ), նախորդ տարվա համեմատ շինարարության ոլորտում 20.2% աճ է գրանցվել։
Շինարարությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ ամենաարագն է աճել և ամենաշատն է նպաստել երկրում գրանցված տնտեսական ակտիվության աճին։ Մասնավորապես, «Լույս» հիմնադրամի վերլուծության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում գրանցված 9.1% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի 2.9 տոկոսային կետն ապահովել է շինարարությունը, մյուս ոլորտներն ավելի փոքր նպաստ ունեն։
9.1% աճ՝ 2025 թվականին. որ ոլորտների հաշվին է աճում տնտեսական ակտիվությունը
Մասնագետները շինարարության աճը պայմանավորում են մեծ մասամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրի ժամկետներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրան էապես նպաստել է նաև պետբյուջեի հաշվին կատարվող շինարարությունը։ Չի բացառվում, որ այստեղ դեր է խաղացել հանգամանքը, որ 2025 թվականը նախընտրական տարի էր. 2026-ի հունիսի 7-ին ԱԺ ընտրություններն են։
2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց։ Դա ստիպեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս ծրագրից և մայրաքաղաքում գույք ձեռք բերել, շտապեն դա անել մինչև 2024-ի տարեվերջ։ Հին շահառուները շարունակում են օգտվել ծրագրից մինչև վարկի մարման ավարտը։
2025-ին ևս որոշ հնարավորություն կար եկամտային հարկի վերադարձի պայմանով տուն կամ բնակարան ձեռք բերել Երևանում՝ այն կառուցապատողներից, որոնք շինթույլտվությունն ավելի վաղ էին ստացել։
«Շինարարության տեսակետից՝ ունենք մոտավորապես այն իրավիճակը, որն ունեինք 2019 թվականին՝ ավտոմեքենաների վերաարտահանման ժամանակ։ Բավականաչափ եկամուտներ գոյացան, որովհետև դա վերաարտահանման վերջին տարին էր, բոլորը ցանկանում էին օգտվել։ Շինարարության և բնակարանների ձեռքբերման համար դրանք 2024-2025 թվականներն էին»,- «Հետքի» տաղավարում ասել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նրա վերլուծությամբ՝ շինարարության աճը Հայաստանում կշարունակվի նաև 2026-2027 թվականներին։ Դրանից հետո բավական կասկածելի է, որ նման տեմպ կգրանցվի, քանի որ այս պահին չկան նախադրյալներ կամ հիմքեր դրա համար։
«Կան նախագծեր, որոնք շինթույլտվություն են ստացել շատ ավելի վաղ և հիմա պետք է ավարտեն շինարարությունը։ Հիմա հիմնականում այդ նախագծերի ավարտական փուլն է, քան բուն կառուցապատման փուլը»,- նկատում է տնտեսագետը։
2015 թվականից մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Պետբյուջեից շահառուներին վերադարձվող գումարները մի քանի միլիոն դրամից հասել են 100 մլրդ դրամի շեմին։
2025 թվականին 96 մլրդ դրամի եկամտային հարկ է վերադարձվել վարկառուներին
2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական բում էր, կամ ինչպես շատերն են անվանում՝ «շինարարական փուչիկ» (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ)։ Ոլորտի աճը հասնում էր 40-45%-ի։
2008-2009 թվականներից սկսած, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան, այս ոլորտում խոր անկում գրանցվեց։ Այն շարունակվեց հետագա տարիներին՝ երբեմն գրանցելով փոքր աճ։
2022 թվականից ոլորտն աճում է երկնիշ տեմպով։ 2025-ի աճը, փաստորեն, ամենաբարձրն է 2009-ից ի վեր։
Материал защищен авторским правом и охраняется законом



