jkjhkjhkj

08-04-2019 17:46 4811

 

Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանը կընդլայնի իր «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագիրը Հայատանում մեկնարկել է 2017թ.՝ խթանելու կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը:

«Ցանկացած երկրի զարգացում մեծապես պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներով, տնտեսական ակտիվությամբ: Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը այն հիմնական գործիքներից են, որոնք օգնում են ստեղծել հավելյալ արդյունք, զարգացնել տնտեսությունը: Այդ իսկ պատճառով մենք պատրաստակամությամբ միանում ենք ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը՝ աջակցելով Արցախի կին գործարարների՝ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտում գիտելիքների խորացմանը», - ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի Խորհրդի, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը, հավելելով, որ ծրագրին մասնակցությունը հայ կանանց համար ևս մեկ հնարավորություն է ավելի արդյունավետորեն ներգրավվելու տնտեսության զարգացման ազգանվեր գործին:

Կրթական, դրամաշնորհների տրամադրման և մասնագիտական ուղղորդման փուլերից բաղկացած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Ֆրութֆուլ Արմենիայի աջակցությամբ Արցախում կմեկնարկի հունիսին:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել:

«Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով», - նշել է Յակուբյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել փոքր դրամաշնորհ ստանալու և ուղղորդման փուլում օգտվելու մեկ տարի տևողությամբ բիզնես խորհրդատվությունից, տարաբնույթ մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորությունից:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին: ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: ՀԲԸՄ Հայաստանի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.agbu.am կայքէջում:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրվել է 2011թ: Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ-ում և Արցախում՝ տնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառույցների զարգացման ոլորտներում իրականացվել է մոտ 8 մլն դոլարի ծրագիր՝ այդ թվում, «Նուռ» ծրագրի շրջանակում Արցախի դպրոցականներին է նվիրաբերվել ավելի քան 10.500 համակարգիչ, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր