jkjhkjhkj

30-03-2023 13:06 1088

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է (ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները), և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», ասվում է Արցախի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Բաքվի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանամերձ ընդարձակ տարածքներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջագազուր և Զաբուխ գյուղերի միջև»։

Երեկ Ալիեւը Լաչինի շրջանում ներկայացուցիչ էր նշանակել եւ այդ կապակցությամբ մի շարք բացահայտումներ արել Պուտինի ու Փաշինյանի հետ համաձայնությունների վերաբերյալ։ Լրագիրը մի շարք հրապարակումներով անդրադարձել էր Բերձորի միջանցքի 5-5 կմ լայնությամբ արտատարածքային կարգավիճակի վերացման, ինչպես նաեւ այդ նպատակով Արցախի շրջանցիկ ճանապարհները ռուս «խաղաղապահների» աջակցությամբ Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին (տես այստեղ)։ Մարտի 5-ին հայկական դիմադրությունից հետո Լիսագորի շրջան էին ժամանել ռուս «խաղաղապահները»՝ Բաքվի ներխուժումներն ապահովելու ու հայկական դիմադրությունը բացառելու համար։ Արցախի հայերի «իրավունքների ու անվտանգության», Բաքվին Արցախի իրավական ենթարկման Փաշինյանի ծրագրի համաձայն, արագացված ռեժիմով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր