jkjhkjhkj

13-06-2023 16:36 605

2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել եւ ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%:

Հայաստանի կենտրոնական բանկից հայտնել են, որ 2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, եւ 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։

«Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս պահպանվում են բարձր մակարդակներում: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ:

2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Աշխատանքի շուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը եւ արտադրողականության աճը պայմանավորում են նաեւ տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացումը։

Մյուս կողմից, պահպանվող արտաքին բարձր պահանջարկը եւ տնտեսությունում եկամուտների ավելացումը դրականորեն են նպաստում պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի եւ գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների եւ որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր