jkjhkjhkj

17-08-2023 16:01 725

Գործադիրը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար: Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 17-ի նիստին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու 4 հանրային լողափերում՝ Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի: Նաև դրոններով ծառայություն է իրականացվելու:

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ Սևանա լճում նոր ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն կա, և այդ համատեքստում անդրադարձավ նաև վերջերս գրանցված ջրահեղձության դեպքերին:

«Այս տարի հանրային լողափերում ջրահեղձության 2 դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է նաև ծառայողական քննություն»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում ջրահեղձության դեպքերից պետք է կարողանանք խուսափել. «Ակնհայտ է, որ մենք ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք»:

Ըստ Փաշինյանի՝ Ջրային պարեկային ծառայությունը պետք է հետևի նաև ջրային տրանսպորտային միջոցների խախտումներին, ինչպես նաև պետք է վերահսկողություն իրականացնի լճի տարածքում ալկոհոլ օգտագործողների շրջանում:

Ջրային ծառայությունն արդյունավետ դարձնելու համար ձեռք է բերվելու 4 մոտորանավակ՝ 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս պարեկային ծառայություն կիրականացնեն Սևանա լճում:

«Սա նշանակում է, որ Սևանում ձկան որսն օրենքից դուրս անհնար է լինելու, բայց մյուս կողմից` ուզում եմ հիշեցնել, որ որոշակի ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Եվ այսօրվանից մեր ոստիկանությունը, մարզպետարանը, ՇՄՆ-ն պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ կան նաև Սևանի ձկնապաշարների հետ կապված խնդիրներ, և փորձագետներ են հրավիրվել Սևանա լճի ձկնապաշարներն ուսումնասիրելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր