2023թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 10.4%-ով, իսկ 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.9%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 17.3%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14.8%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.6%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 0.9%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 53%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 51.8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 53.8%-ով:
Աննա Այվազյան
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



