Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aysor.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց գործընթացից. «2024 թվականի մայիսին 2023 թվականի համար պարտավոր են լինելու հայտարարագիր ներկայացնել ա) հանրային ծառայողները, բ) այն անձինք, ովքեր բիզնեսով են զբաղվում՝ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսը դեռ չի մտնում, գ) այն մարդիկ, ովքեր բանկում փոխառություններ ունեն, օրինակ հիփոթեքային վարկեր են վերցրել՝ 20 մլն դրամից ավելի։ Այդ երեք խումբն է 2024-ին 2023-ի համար հայտարարագիր ներկայացնելու»։
Պարսյանի տեղեկացմամբ՝ հաջորդ խմբում 2024 թվականի համար պետք է 2025-ին հայտարարագիր ներկայացնեն բոլոր աշխատողները, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները.
«Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ հայտարարագրի ներկայացման տեխնիկական մասն ապահովելու համար, համապատասխան ծրագրային ապահովումներն են մշակվում, ներկայումս նաև կա հեռախոսի քարտի միջոցով ստորագրելու հնարավորություն։ Այսինքն դուք պետք է մոտենաք ձեր բջջային օպերատորին ձեր քարտը ստորագրությունով դարձնելու համար, նոր քարտ են տալիս, որը ստորագրելու հնարավորություն է ընձեռում»։
Պարսյանն ասաց, որ հայտարարագրերի մի մասը պետք է ինքնաշխատ եղանակով իրականացվի, այսինքն, ավտոմատ եղանակով։
«Օրինակ, դուք մի քանի տեղ աշխատում եք, այդ եկամուտները միանգամից հայտարարգրում ցուցադրվելու են։ Դուք միայն հայտարարգրելու եք այն եկամուտը, որը չի երևում։ Դիցուք, քաղաքացին աշխատում է նախարարությունում, այդտեղից ստացված եկամուտն ավտոմատ ցուցադրվելու է հայտարարագրում, դա լրացնելու կարիք չի լինի, սակայն այդ նույն քաղաքացին, հնարավոր է, նաև աշխատանքին զուգահեռ զբաղվում է գյուղատնտեսությամբ, որից ստացված եկամուտը չի երևում։ Այդ քաղաքացին հենց իր ստացված բերքի եկամուտն է հայտարարագրելու։ Սա է պրոցեսը։ Դեռևս տեխնիկական մասը պատրաստ չէ, մշակման փուլում է», - ասաց մասնագետը։
Տնտեսագետը մտահոգիչ է համարում այն, որ բնակչության հետ իրազեկման աշխատանքներ բավարար մակարդակով չեն իրականացվում. «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ այդ ամենից, այդ հավելվածները, ստորագրությունները հասանելի չեն ամբողջ ծավալով։ Մենք նախանշել էինք 2024 թվականի մայիս ժամկետը պետական աշխատողների, վարկեր վերցնողների համար, որոնց թիվը կարող է կազմել մոտավորապես 100-120 հազար մարդ։ Եվ այդ մարդկանց պետք է իրազեկել, սակայն աշխատանքները չեն արվում»։
Մասնագետը հստակեցրեց, որ անկախ այն հանգամանքից, մարդն աշխատող է, թե ոչ, նա պետք է այդ հայտարարագիրը 2025 թվականից ներկայացնի. «Լինի տնային տնտեսուհի, կամ չաշխատող ցանկացած ոք պետք է լրացնի այդ հայտարարագիրը։ Նա, եթե եկամուտ չի ունեցել, նշելու է, որ որևէ եկամուտ չունի»։
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններում աշխատողներին, Պարսյանը շեշտեց, որ նրանք առաջին փուլով չեն լինի, սակայն երկրորդ փուլով արդեն պետք է լրացնեն իրենց հայտարարագրերը.
«Տեսեք, այն անձինք, ովքեր ՀՀ-ում 180 օրից ավելի են մնում, համարվում են ռեզիդենտ և պարտավորվում են հայտարարագիր ներկայացնել։ Դա վերաբերում է նաև ռուսներին, եթե 180 օրից ավելի են մնում։ Կարող է դա խնդիրներ առաջացնել, սակայն, ըստ էության, իշխանություններն ասում են, որ իրենք աշխատանքներ են տանում, որ այդ խնդիրները նվազեցնեն։
Կառավարության նպատակն է, ինչպես իրենք են ասում, որ հասցեական սոցիալական քաղաքականություն իրականացնեն, ստվերը կրճատեն։ Այս համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերահոսկողական լծակներ ունենալ, հասկանալ, թե ինչքանով է իրատեսական այդ հայտարարգիր ներկայացնելը։ Կարծում եմ՝ սկզբնական շրջանում կառավարությունն այդքան մեծ ուշադրություն չի դարձնելու թվերին, ուղղակի փաստին է անդրադառնալու, այսինքն եկամուտը ներկայացվել է, թե՝ ոչ։ Հետագայում իրավիճակը կվերանայեն և կոնկրետ հասցեական մոտեցում կցուցաբերվի։ Օրինակ, նույն անկանխիկ գնումների մասով կառավարությունը մոտ մեկ տարի շատ խիստ չէր, սակայն արդեն այս տարվանից բավականին լուրջ ստուգումներ է անում ՓՄՁ-ներում և անկանխիկի մասով տուգանքներ կիրառում»։
Անդրադառնալով տրանսֆերտներին, Պարսյանը նշեց, որ մինչև 12 մլն դրամը քաղաքացիները կազատվեն հարկերից. «Դա մեկ անձի հաշվով է, եթե այդ թիվն անցավ, կարող է հարկ կիրառվել։ Այսպես ասեմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է 12 մլն դրամ դրսից գումար ստանալ։ Կարող են այդ ձևով բաշխել, որպեսզի հարկման խնդրից ազատվեն»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով