Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 87,3 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ–ն, և գնումը կատարվել է մեկ անձից: Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավինյանի երդմնակալությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13–ին, արարողությանը ներկա էր երկրի բարձրագույն իշխանությունը։
Քաղաքապետարանից նշում են, որ երդմնակալության արարողակարգային մասը փոփոխվել է, մասնավորապես դահլիճը ձևավորվել է հատուկ պատրաստված դեկորացիաներով, Էրեբունի պատմահնագիտական թանգարանից քաղաքապետարան է բերվել քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը և այլն:
Պայմանագիրը կնքվել է «Բեգրաունդ» ընկերության հետ, և միջոցների 50 տոկոսն ուղղվել է արարողության կազմակերպման ու անցկացման ծառայությունների, ինչպես նաև զարդերի, ռեկվիզիտների, գորգի, հագուստի, պատվանդանների և այլնի ձեռքբերմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից հավաստիացրել են, որ գնված զարդարանքները հետագայում կօգտագործվեն քաղաքապետի երդմնակալության արարողությունների, Էրեբունի–Երևանի տոնակատարության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանի, Երևանի պատմության թանգարանի և այլ միջոցառումների ժամանակ:
Հարցին, թե հոկտեմբերի 11–ին Էրեբունի–Երևան տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանը աշխատակիցները պարգևավճարներ ստացե՞լ են, քաղաքապետարանից բացասական պատասխան են տվել:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով