jkjhkjhkj

30-11-2023 16:52 676

Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40–70 տոկոսով կսուբսիդավորի 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը նշեց, որ պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 4–ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3–րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5–30–ը կկատարեն մաքսազերծում։
«Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենայի դեպքում պետությունը փոխհատուցելու է վճարման ենթակա գումարի 40%–ը, 5 տարուց ավելիի դեպքում՝ վճարման ենթակա գումարի 70%–ը»,– ընդգծեց նա։

Նա ևս մեկ անգամ շեշտեց` հունվար 1–ից կսահմանվի խիստ պահանջ, որով չի թույլատրվի 3–րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ձևական ժամանակավոր ներմուծումը ՀՀ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ քաղաքացիները գնում են այդ քայլին, քանի որ Վրաստանում մաքսատուրքն ավելի քիչ է, քան ՀՀ–ում։
«Մենք կարող էինք գնալ մաքսատուրքը նվազեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ–ն չի կարող միակողմանի այդ խնդիրը լուծել։ Կարծում եմ` ԵԱՏՄ–ում կարող ենք այդ հարցը քննարկել։ Միայն հիշեցնեմ, որ երկար ժամանակ ԵԱՏՄ կարգավորումներով ավտոմեքենաների ներմուծման համար ՀՀ–ն ուներ արտոնություն»,– ասաց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ ոստիկանությունը զուգահեռ վարչարարություն կիրականացնի նրանց նկատմամբ, որոնց մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին։

«Վարչական լծակներով կդրդենք, որպեսզի երթևեկեն ՀՀ համարանիշերով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս դեպքերն են բացահայտվել, երբ մաքսային ծառայողները կեղծ ձևակերպում են արել, թե իբր այդ մեքենաները դուրս են եկել ՀՀ–ից և վերադարձել, և սա արվել է, որպեսզի ներմուծման ժամկետը զրոյացվի ու նոր ձևակերպում արվի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր