jkjhkjhkj

04-06-2024 11:44 128

2023 թվականին ֆինանսական համակարգի բոլոր հատվածներով արձանագրվել է ակտիվների աճ և ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բնականոն ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ֆինանսական կայունության հաշվետվությանը նվիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Բանկային համակարգի ակտիվները կազմել են ֆինանսական համակարգի գերակշիռ մասը՝ մոտ 83 տոկոս։ Բանկային ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 9.2 տրլն դրամ։ Դրանով պայմանավորված՝ ֆինանսական կայունության հաշվետվության մեջ առավելապես ներկայացված են բանկային համակարգի ընթացիկ զարգացումները, հնարավոր ռիսկերը և այդ ռիսկերին դիմակայելու մեր գնահատականները, այսինքն՝ սթրես թեստերը։

Պետք է նշել, որ տարվա ընթացքում բանկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, ինչի արդյունքում վարկերի աճի տեմպը տարեվերջին կազմել է շուրջ 21 տոկոս։

Բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 9.2 տոկոս։ Ավանդների աճը բացառապես պայմանավորված է ՀՀ ռեզիդենտների ավանդների աճով, որոնք տարվա ընթացքում աճել են շուրջ 18 տոկոսով»,- նշեց Մարտին Գալստյանը։

Արձագանքելով լրագրողի հարցին՝ նա հստակեցրեց, որ ոչ ռեզիդենտների մասով տարվա ընթացքում ավանդների որոշակի նվազում է գրանցվել։ Նշվեց նաև, որ 2023-ին արժեթղթերում կատարած ներդրումներն աճել են շուրջ 18 տոկոսով։

ԿԲ նախագահն արձանագրեց, որ վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման գրեթե բոլոր ուղղություններով։ «Վարկավորման աճը հավասարապես պայմանավորվել է տնային տնտեսություններին և բիզնեսներին տրված վարկերի աճով։ Սպառողական, գյուղատնտեսական և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել է 20-21 տոկոս աճ։ Չնայած բազայի էֆեկտով պայմանավորված՝ հիփոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը որոշակիորեն նվազել է, բայց միևնույն է շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի. 2023-ին աճի տեմպը եղել է մոտավորապես 28 տոկոս»,- հայտնեց բանախոսը։

Ըստ նրա՝ տնտեսական բարձր աճի պայմաններում վարկային ներդրումների աճը ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ և չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է մնալ ցածր (4 տոկոսից ցածր) իր երկարաժամկետ միջին մակարդակից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր