ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։ Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում:Ըստ աղբյուրի՝ նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



