jkjhkjhkj

07-03-2025 12:52 538

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը չի ծանուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, և Երևանը չի էլ պատրաստվում լքել կառույցը, այլ պարզապես սառեցրել է իր գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

«Երևանը մեզ չի ծանուցել հեռանալու մասին։ Նրանք (խմբ․ Հայաստանը) չեն պատրաստվում հեռանալ, նրանք սառեցրել են իրենց գործունեությունը, բայց միևնույն ժամանակ մնում են ՀԱՊԿ անդամ»,- ասել է Պանկինը։

Վերջինս նաև հույս է հայտնել, որ Հայաստան-ՀԱՊԿ իրավիճակը կկարգավորվի, և այդ առումով Երևանի և Մոսկվայի միջև ընթանում է երկխոսություն։

«Մենք միշտ լավագույնի ակնկալիք ունենք: Մենք երկխոսում ենք Երևանի հետ՝ ամբողջ օրակարգով՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային»,-ասել է Պանկինը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և կազմակերպությունում Երևանի ունեցած ներդրումներին՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ եթե ​​մինչև 2025 թվականի վերջ Հայաստանը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր մասնաբաժինը, կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի։

«Մինչև հունվարի 1-ը (խմբ․ 2026 թվական) կարող է իրավիճակ ստեղծվել, որ երկու տարի վճարումներ չլինելու դեպքում անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ»,- ասել է Պանկինը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հայաստանը դադարեցրել է ինչպես իր ներդրումը կազմակերպության բյուջեում, այնպես էլ ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր