
ՀՀ կառավարությունում ստորագրված 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի համաձայն՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ-ն) տրամադրեց 44 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ «Արմփաուեր» ՓԲ ընկերությանը, որը պատկանում է Ռենկո Փաուեր-ին:
250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում՝ Արմփաուեր ընկերության կողմից։
Ծրագրի նպատակն է օգնել ընդլայնել և դիվերսիֆիկացնելՀայաստանում մասնավոր հատվածի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի աղբյուրները:
Տեղեկացնենք, որ ՋԷԿ-ի տարեկան արտադրությունը կկազմի մինչև 2,000 գիգավատ/ժամ։ Շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:
Այս ծրագիրը Հայաստանում առաջին «գրինֆիլդ» ներդրումն է՝ ֆինանսավորելու նոր, էկոլոգիապես մաքուր էլեկտրակայանի կառուցումը։ Ծրագրի ընթացքում՝ էլեկտրակայանի կառուցման և շահագործման փուլերում, նաև կստեղծվեն աշխատատեղեր տեղացի մասնագետների համար՝ միևնույն ժամանակ խթանելով ոլորտի արդյունավետությունն ու հուսալիությունը`օգնելով մասամբ փոխարինել էլեկտրաէներգիայի արտադրության հնացող ակտիվները ժամանակակից սարքավորումներով:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



