jkjhkjhkj

23-04-2019 21:05 3157

 

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:

«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանը հավելել է, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:

Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չի հստակեցրել։

«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծել է Նարեկ Բաբայանը:

Անդրադառնալով շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտել է, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց:

«Շենքը կառուցված և կահավորված է հյուրանոցային պայմաններով, և այլ տարբերակ ես դեռևս չեմ տեսնում: Լավագույն տարբերակ կլինի հավատարմագրային մրցույթի տանելը, որտեղ համապատասխան օպերատորները հանդես կգան համապատասխան առաջարկներով: Աճուրդի դնելու պարագայում էլ շինության գնորդը պետք է կառավարումն իրականացնի»,- ասել է նա, հաղորդում է Արմենպրեսը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր