13-05-2019 19:28 104

 

Չինաստանում ապրիլի 29-ին մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։

Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ և ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաև Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը և մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ և մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ և պարագաներ, հայկական գրեր և հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները և գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։

Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ և քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։

Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։

Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ և միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր