21-05-2019 11:20 428

 

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ:

Ըստ ՊԵԿ-ի, գործող ձևաչափով (որով հրապարակվել են մինչև 30.09.2018թ. ընդգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը) հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանում ներառված չեն հարկային պարտավորությունների ձեւավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները (մասնավորապես՝ ըստ հարկատեսակների եկամուտների հաշվեգրման պահը, ուսումնասիրությունների, հարկային հաշվարկների ճշտումների, դատարանի որոշումների և այլ հիմքերով միասնական գանձապետական հաշվին վերադարձված գումարները և այլն):

«Այդ է պատճառը, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել վերոհիշյալ ցուցանիշները՝ հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի 4-րդ և 2019 թվականի 1-ին եռամսյակների ցուցանիշները հրապարակվել են հաշվի առնելով վերոնշյալ նախագծով սահմանվող մեթոդաբանությունը, ինչը, բնականաբար, տարբերվում է գործող որոշմամբ սահմանված ձևաչափից:

Ելնելով այն հանգամանքից, որ նոր մեթոդաբանությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ առաջացրել են որոշակի հարցեր, ՀՀ ՊԵԿ-ը կվերահրապարակի գործող որոշմամբ սահմանված ձեւաչափին համապատասխանող ցուցանիշները»,- ասված է հայտարարությունում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր