22-05-2019 12:58 216

 

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: 

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի ամփոփ նկարագիրը:

Մեթյու Մյուրեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իր առաքելությունն է օգնել ամերիկյան կառավարությանն իրականացնելու գնահատում՝ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակմանն օժանդակելու համար: 

Միջազգային փորձագետն արձանագրել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային խնդիր է և կարևորել է միջազգային համագործակցությունն անդրազգային կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարում: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև գողացված ակտիվների բացահայտման և առգրավման մեխանիզմներին:

Տիգրան Խաչիկյանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համատեքստում կարևորել է նման բովանդակային հանդիպումը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարական ծրագիրը բազմաոլորտային է և ներառում է 70-ից ավել միջոցառումներ: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման, որի շրջանակում գույքագրվելու են բոլոր արդյունավետ առաջարկները:

 

 

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են փոխադարձ հետաքրքրվածություն հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ ռազմավարության ներդրման հարցում և առաջիկայում սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր