
Այսօր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ։ Մասնավոր գործարքի արդյունքում, «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» (ՎԶԵԲ) և ամերիկյան «Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) ներդրումային ընկերության միջև կնքված համաձայնագրով, վերջինս ձեռք է բերում ՎԶԵԲ-ին պատկանող է «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի մի մասը՝ տիրապետելով բանկի ընդհանուր բաժնետոմսերի 5%-ին։
«Մենք ողջունում ենք Բանկի բաժնետերերի կազմում DWM-ի պես հեղինակավոր կառույցին։ Ձեռք բերելով Ինեկոբանկի բաժնետոմսերը՝ DWM ընկերությունը նշում է իր մուտքը հայաստանյան շուկա՝ ընդլայնելով իր ներկայությունը տարածաշրջանում», - նշեց Ինեկոբանկի խորհրդի նախագահ և հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանը։
DWM-ի մասնակցությունը Ինեկոբանկի կապիտալում կնպաստի Բանկի ճանաչելիության բարձրացմանը միջազգային շուկաներում և կշարունակի ամրապնդել նրա դիրքերը Հարավային Կովկասի առաջատար բանկերի շարքում։
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ նմանօրինակ գործարքն է, որի արդյունքում տեղի է ունենում փոփոխություն բանկի կանոնադրական կապիտալում, ինչը վկայում է ներդրողների կողմից բանկի որդեգրած բիզնես մոդելի, գործընկերային միջավայրի, բանկի ապագայի տեսլականի և ներկայումս կիրառվող կորպորատիվ կառավարման պրակտիկայի հանդեպ մեծ վստահության մասին։ Մենք շարունակելու ենք ներգրավել նոր ներդրողների և ընդլայնել մեր բաժնետերերի կազմը՝ դառնալով առաջատարը Հայաստանի և Հարավային Կովկասի ֆինանսական սեկտորում»,- ամփոփեց Ավետիս Բալոյանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



