«Finance in Motion» ընկերության Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը, որը հանդիսանում է սոցիալական ներդրման հիմնադրամ, 15 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկ է տրամադրել իր գործընկեր Արարատբանկին` Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են բանկից՝ ներդրումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել վարկավորման ծավալները` նպաստելով տեղական բիզնեսի կայուն զարգացմանը:
Արարատբանկը ռազմավարական առաջնահերթություն է ընդունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: 2010թ․-ից ի վեր հանդիսանալով Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի գործընկեր՝ բանկը հիմնադրամից հաջողությամբ ավելի քան 63 մլն դոլարի միջոցներ է ներգրավել և տեղաբաշխել Հայաստանում բիզնեսի ու տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով։
ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Մենք երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք Արարատբանկի հետ և հպարտ ենք, որ շարունակելու ենք այդ համագործակցությունը` Հայաստանի աշխատասեր ձեռնարկատերերին առաջարկելով ֆինանսավորման նոր տարբերակներ։
Իսկ ՀԵԵՀ հիմնադրամի «Finance in Motion» ընկերության տնօրեն Մայա Գիզդիչը հավելել է․ «ՀԵԵՀ-ն հավատում է պատասխանատու ֆինանսավորման միջոցով տնտեսության զարգացմանը խթանելուն։ Ընդլայնելով միկրո և փոքր ձեռնարկությունների սպասարկման համար տեղական ֆինանսական հատվածի կարողությունները՝ մենք ներդրում ենք կատարում հայաստանյան ձեռնարկությունների հաջողության մեջ թե′ անհատական, թե′ համակարգային մակարդակով»։
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ևս կարևորել է համագործակցությունը և փաստել․ «Շատ ուրախ եմ, որ այս պայմանագրի ստորագրմամբ կրկին անգամ հավաստում ենք ռազմավարական գործընկերոջ հետ մեր կայուն փոխվստահության մասին։ Համագործակցությունը մեզ համար արժևորվում է ոչ միայն միջոցների ներգրավմամբ, այլև ընդգրկման ավելի լայն շրջանակով՝ մասնավորապես, բանկային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, կառավարման մշակույթի զարգացմամբ և բանկային գրեթե բոլոր գործառնությունների մասով, որոնց վերջնական շահառուն Արարատբանկի հաճախորդներն են»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



