14-05-2019 13:28 339

 

Ամերիաբանկը արևային կայանների լիզինգի թեմայով կոնֆերանս է կազմակերպել իր կորպորատիվ հաճախորդների, նաև հնարավոր գործընկերների համար:

Նպատակը բիզնես աշխարհի ներկայացուցիչներին արևային էներգիայի կիրառման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին ծանոթացնելն է:

Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը:

«Մենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում շատ ակտիվ ենք եղել: Ժամանակին շատ ակտիվ ենք եղել հիդրոկայանների ֆինանսավորման գործում, հիմա վերականգնվող էներգետիկայի ոլորտում ավելի շատ կենտրոնացած ենք արևային կայանների վրա: Արդեն ունենք լիզինգով և վարկավորումով 3 մլրդ դրամի պորտֆել, և սա կես տարվա ընթացքում: Աշխատում ենք հիմնականում բոլոր միջազգային կառույցների հետ, որոնց համար շատ կարևոր է վերականգնվող էներգիայի խթանումը, և այսօր փորձում ենք հարթակ ձևավորել, որտեղ կհանդիպեն արևային էներգիայի սարքավորումներ մատակարարող ընկերությունները, ֆինանսավորող կազմակերպությունները, պոտենցիալ և առկա ներդրողները: Ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկն էլ ներդրողին առաջարկում է 20% Cashback, ինչը շատ հրապուրիչ ֆինանսական պայման է» ,- նշել է Գագիկ Սահակյանը:

Բանկի կողմից առաջարկվող Արևային լիզինգը ընձեռում է մի քանի հնարավորություններ. GEFF-ի հետ ունեցած գործակցության շրջանակում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում (Cashback) հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ, ֆինանսավորում առանց գրավի, գործակցության լայն շրջանական շուկայի լավագույն մատակարարների հետ, լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում, սերտ գործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի փոխտնօրեն Անդրո Բութխուզին լրագրողների հետ զրույցում նշել է, որ չնայած ծրագիրը վերջերս է գործարկվել, սակայն շուկայում դրական շատ լավ միտումներ են նկատվում:

«Ներկայումս Հայաստանում արևային էներգիայի բում է, մեծ պահանջարկ կա: Հայ գործարարներն իրենց հերթին շատ են հետաքրքրված վերականգնվող էներգիայով՝ մասնավորապես արևային էներգիայի ոլորտով», - ասել է Անդրո Բութխուզին:

Նա հայտնել է, որ ՀՀ-ում արևային էներգիայի զարգացմանը միտված ծրագրի բյուջեն կազմում է $20 մլն, դրա տևողությունը 3-4 տարի է:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ միջոցառման նպատակն է ներկայացնել արևային էներգետիկայի ոլորտում կատարվող զարգացումները, ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:

«Այսօր հրավիրել ենք ոլորտի մասնագետների մեզ հետ գործակցող տարբեր գործընկեր կազմակերպություններից: Ներկայացնում ենք մեր բանկի նոր ծրագիրը, որը մեկնարկել է մի քանի ամիս առաջ, այն կոչվում է Արևային լիզինգ, որի շրջանակում արդեն 30 կազմակերպության ֆինանսավորում է տրամադրվել, և, ընդհանուր առմամբ, մոտ 3 մլրդ դրամի պորտֆել ունենք»,- նշել է Արտակ Հանեսյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Համաշխարհային էներգետիկայի մասնագետ Էմիլ Զալինյանը, GEFF տեխնիկական խորհրդատու, ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր