04-04-2019 17:51 2819

 

«ԱԳԲԱ Լիզինգ» կազմակերպության և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը պետք է նպաստի ՓՄՁ-ների զարգացման խթանմանն ու արդիականացմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կստեղծվի փոքր և միջին ձեռնարկություններին ունենալ հետաքրքիր առաջարկներ իրենց բիզնեսի զարգացման համար:

«Մենք այսուհետև կկարողանանք արտոնյալ և մատչելի ֆինանսավորում առաջարկել մեր «ԱԳԲԱ Լիզինգի» ենթաբրենդ «Գրին Լիզինգ»-ի շրջանակում: Այժմ մենք իրականացնում ենք կանաչ տնտեսության և կանաչ աշխատատեղերի խթանում, կանաչ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված թափոնների արտանետման և վերամշակման սարքավորումների ֆինանսավորում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտին առնչվող սարքավորումներին լիզինգ տրամադրելու միջոցով, տեղական սարքավորումներ և տեխնիկա արտադրողների խթանում և այլն: Այս ամբողջ փաթեթը հասանելի կլինի բոլոր այն կառույցներին, որոնք կդիմեն մեզ այս հուշագրի ստորագրման արդյունքում»,- ասաց Բազիկյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ հուշագրի միջոցով հնարավորություն է տրվում, որպեսզի միությունը առավելագույնս աջակցի լիզինգային ծրագրերի իրականացմանը:

«Մենք սրանով կխթանենք տեղական արտադրողներին՝ վերցնելով մեզ վրա համակարգման որոշակի պարտականություններ, կհեշտացնենք «ԱԳԲԱ Լիզինգ» ուղղորդած հաճախորդների լիզինգի սպասարկման գործընթացը»,- շեշտեց Մակարյանը և հավելեց, որ օգտվելով ծառայություններից՝ «ԱԳԲԱ Լիզինգը» շատ մատչելի պայմաններով կտրամադրի տարբեր ոլորտների՝ կանաչ տնտեսության, թափոնների կառավարման, այլընտրանքային աղբյուրների համար, նախատեսվող սարքավորումներ:

Խոսելով ֆինանսավորման ծրագրերից՝ «ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն ընդգծեց, որ լիզինգային գործարքների միջոցով հնարավորություն է տրվում արտացոլել ընկերությունների հաշվապահությունում բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է ցույց տալ, և դրանից էլ ունենալ ֆինանսական հետևանք:

«Մատակարար գործընկերների հետ մենք կապահովենք բոլոր այն գործընթացները, որոնք մեր հաճախորդը ինքնուրույն դժվարությամբ կիրականացնի: Ընդհանուր փաթեթի մեջ լուծվում են նաև բեռնափոխադրման հարցերը, և ավելացված արժեքի վերադարձ է իրականացվում»,- նշեց Բազիկյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր